Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Monday, May 24, 2010

Խաչիկ Դաշտենց / Էջեր ծոցատետրերից / Այց Անիի ավերակներին

Էջեր ծոցատետրերից, (ձեռագիր, անտիպ)
Այց Անիի ավերակներին 1963թ. (էջ 35-53)
Օգոստոսի 17–ին, շաբաթ, ժամը 2½–ին ավտոբուսով մեկնեցի Մարալիկ: Ավտոբուսը նոր էր, 23 տեղանոց, բայց շոֆերը այնտեղ խցկել էր մոտ 40 հոգի։ 
Ինձ հատկացրեց 21–րդ տեղը, առաջին «փափախը» հավանորեն ինձնից վերցնելով։ Իմ կողքին նստեցին մի երիտասարդ կին (եկվոր, Հայկուշ, արտելի աշխատող), որ իր ամուսնու և փոքրիկ աղջկա (Սիրվարդիկի) հետ գնում էր Լենինական։ Ձախ կողմս նստած էր մի բարակադեմ, սրածայր քթով մարդ, որ գնում էր Արթիկ։ Խմած էր և առաջին իսկ պահից քնեց գլուխը հենելով Հոռոմ գնացող մի կնոջ։ Նրան արթնացրին և ասացին, որ հարբած է, նա գլուխը թեքեց իմ կողմը, հենվելով իմ ուսին։ Նորից դիտողություն եղավ։ Ցնցումներից գլուխը անվերջ բարձրանում և իջնում էր մերթ Հոռոմ գնացող կնոջ ուսին, մերթ իմ ուսին։ Երբ զգուշացրի, թե ինչու ես այդ վիճակով ճանապարհ ընկել, նա խեթ–խեթ նայեց ինձ, նեղացած. ապա ասաց, որ այս ավտոբուսը արժանի չէ իրեն, բայց ստիպված է նստել, շտապ գործ կա։ «Թե իմանաք ես ով եմ, ասաց, և նորից քնեց։ Պարզվեց, որ հաշվապահ է, գնում էր Արթիկ, ով գիտի ինչպիսի գործարքների համար։
            Ավտոբուսում կային նաև երկու երիտասարդ աղջիկներ, 18-19 տարեկան, մեկի ձեռքին  [...] կար, բանաստեղծությունների ծոցագիրք, մյուսը ոգևորությամբ կարդում էր գրական ինչ–որ երգիծանք «Ավանգարդում» թե «Երևանում» տպագրված։
            Դռանը կանգնած էր մի երիտասարդ, որ իմ կողքի երիտասարդ կնոջից գերմաներեն «Դոյչլանդ ցայտունգ» թերթը վերցնելով և պատռելով՝ կեսը դրեց տակը և նստեց ավտոբուսի աստիճաններին։
           
Մարալիկ հասա ժամը 6–ից  20 րոպե պակաս։ Իջա  [..] դիմաց, Սառնաղբյուր գնացող ճանապարհի մոտ և որքով սկսեցի գնալ դեպի Մարալիկ։
            Հով երեկո էր, շատ հաճելի, այն գեղեցիկ երեկոներից, որ վայելել էի այդտեղ դրանից 35 տարի առաջ, երբ Պոլիգոնից (Լենինական) առաջին անգամ այստեղ եկա IV գավառամաս։ Այդ ժամանակ ես 18 տարեկան էի, երազկոտ պատանի։ Եվ 35 տարի հետո նորից ոտք էի դնում այդ միևնույն ճանապարհներին։
            Բ [...] գյուղը, որ այժմ Ձորագյուղ է կոչվում, գրեթե արդեն միացել է Մարալիկին (նախկին […])։
            Առաջին անգամ ես Մարալիկ էի եկել սայլով, Լենինականից, և հասել էի ուշ երեկոյան։ Այժմ ավտոբուսով եմ եկել, Երևանից։
            Ճանապարհին երեխաներ էին խաղում, պայծառ, կայտառ երեխաներ, մի քիչ ավելի շիկավուն։ Զարմացած ինձ էին նայում, երբ ես հարցնում էի նրանց անունները։ Սեդա, Սիրանուշ, Սիրվարդ։
            Թմբի վրա մի տուն էր, նախկին հյուղակներից, առաջը քնած էր մի երիտասարդ կին, ձեռքերը դրած գլխի տակ, գլուխը համարյա աթարին դրած։ Երկու կատու թռիչք էին գործում նրա գլխի վրայով։ Այդ կինը հիշեցրեց ինձ մեր ռանչպար կանանց, որոնք հոգնելով քնում են շեմքին, խոտերի շվաքում կամ ծառերի ստվերի տակ իրիկնային պահերին։
           
Հարցուփորձով գտա հյուրանոցը և տեղավորվեցի N 2 սենյակում, ուր երկու մահճակալ էին դրված։ Լսել էի, որ Սոգյութլի (Սառնաղբյուր) գյուղի ջրերը բերել էին Մարալիկ, ուստի իմ առաջին ցանկությունը եղավ խմել Սառնաղբյուրի ջուրը Մարալիկի հյուրանոցում։
            Սենյակում կար մի ցուցակ պատին փակցված.
            «մահճակալ դուբնի» 1 հատ
            «ատյալ պուխվի» 2 հատ
            «գրաֆինկա ջրի»
            «տարելկա» մեծ
            «զանավեսկա լուսամուտի»
            Բայց և դրանց կողքին՝ զարմանալի հայերեն՝  բարձ փետուրից, մոխրաման, խոզանակ շորի, ջերմաչափ։
           
Զանգեցի Սարգիս Ասատրյանին։ Սարգիսն եկավ և ինձ տարավ իր տուն։ Սա իմ բջջի քարտուղարն էր եղել Հոռոմ գյուղում 1927-28 թվերին։ Հրաշալի կահավորված սենյակ ուներ։ Իր կինը՝ Շուշանը, իմ աշակերտուհին էր եղել Հռոմում։ Խմեցինք օղի, ձվածեղ կերանք և հիշեցինք անցած գնացած օրերն ու մարդկանց։
            Եկանք հյուրանոց. մինչև ժամը 12–ը նորանոր մարդկանց հետ զրուցեցի։ Քնեցի և առավոտ (օգոստոսի 18, կիրակի) շուտ վեր կենալով իջա Մարալիկը տեսնելու։ Հանդիպեցի Մանուկին, որ մի ժամանակ աշխատում էր շրջկոմում (1927 թվին)։ Մանուկն ինձ տարավ իր տուն։ Եղանք կոլխոզի նախագահի մոտ։ Ավտո չկար, որ գնայինք Անի կամ Սոգյութլի։ Մանուկի տանը եղած ժամանակ եկավ Սարգիսը և մենք միասին դուրս եկանք։
            Առավոտյան ժամը 10–ին  Սարգիս Ասատրյանը վերցնելով մի մասնավոր ավտո («Մոսկվիչ»), մարալիկցի Միսակ Առաքելյանի ավտոն, շոֆերը ինքը՝ Միսակն էր, Վարուժան Դարբինյանին (Սարգսի շոֆերներից մեկը) վերցնելով գնացինք Սոգյութլի (Սառնաղբյուր)։
            Վարուժանը 32 թվի ծնված էր, մի սքանչելի տղա, ինքն էլ լավ վարորդ, աշխատում էր Սարգիս Ասատրյանի մոտ, Մարալիկի պանիր–յուղ գործարանում։
            Սոգյութլի հասանք. ես հուզված էի։ Գյուղը փոխված էր, թեև ճանապարհները նույնն էին և խրճիթները շատ։
            Օղի առանք և գնացինք Զ […]։  [...] փոխված էր։ Առջևի ջրաղացը չկար։ Քարայրի մեջ պատ էր քաշված։ Մոմեր էին վառվում։ Մի կին լողանում էր պատի ետևում։ Մի ուրիշ ցավագար ոտաբոբիկ նստած էր դռանը։ Ուրիշ տեղից էր ուխտի եկել։
            Զ[...]ում  խմեցինք կենացներ։ Վերադարձանք։ Ես ուզեցի մտնել իմ տունը, որտեղ ապրել էի 28-29 թվերին։ Պարույր Խիպոյանի տունն էր. Նա էր տնատերը։  Նրա հայրը զոհվել էր հայրենական պատերազմում։ Տղան Մոսիկը, որ տանը չէր, նոր մեծ տուն էր կառուցել իրենց նախկին օդայի տեղը։ Մի պառավ եկավ. ես նրան ասացի իմ անունը.
Վա՜յ Խաչիկ ջան, դու ես։ Էս է քո տան տեղը։ Նա ցույց տվեց մի քարե
ցանկապատ, որի միջից վեր էին բարձրանում դալար գեղեցիկ արևածաղիկներ։ Այդ արևածաղիկների տեղը, 1928 թվին դրված էր իմ գրասեղանը, որի վրա ես գրում էի իմ առաջին բանաստեղծությունները։ Ինչպես հուզվեցի, աստված իմ։
— Գնանք տուն, Խաչիկ ջան, էս է մեր նոր տունը։ Պարույրը չկա, բայց Մոսիկը նոր տուն շինեց։
Չկարողացա ներս մտնել։ Շտապում էի։ Խոստացա մեկ ուրիշ անգամ գնալ։ Վերադարձանք Մարալիկ։
Ճանապարհին Սարգիսն ասաց. որ քո սիրտը չմնա, ես քեզ էսօր պիտի տանեմ Անի, քանի որ դու Անի գնալու համար ես եկել։
Ձորի վանքի շուրջը շատ ուխտավորներ կային, մատաղ էին մորթում։ Այդ վանքի մոտ ես շատ էր եղել 1928 թվականին։ Վանքը նույնն էր, իսկ այցելուները փոխված, նոր մարդիկ էին, նոր սերունդ։ Մի քիչ այն կողմը, մի շիկավուն կլոր դեմքով տղամարդ գերանդին սրում էր, որ շարունակի ձորափի խոտքաղը։ Այդ Մարալիկի ղեկավարներից էր, որից ավտո ուզեց Սարգիսը Սոգյութլի գնալու, չտվեց թե՝ գնում է հեռու տեղ։ Պարզվեց, որ նա ավտոն կանգնեցրել էր ջրի մոտ և քաղում էր խոտ մասնավոր կարգով։ (Անունը չգիտեմ)։
Հյուրանոցի դիմաց հավաքվել էին մի քանի երիտասարդներ, նաև մի երիտասարդ Հոռոմցի, որ զինվորական ծառայության մեջ էր Գերմանիայում և նոր էր եկել գյուղ, երևի արձակուրդ։ Զանազան հարցեր տվեցին, հուզված խոսեցին նաև Եգորի մասին, մուսալեռնցի, որին նկարագրել եմ իմ «Խոդեդան» վեպում։
Ժամը 12–ին (օգոստոս 18–ի) ես, Սարգիսը և Վարուժան Դարբինյանը (վարորդ) հաց ու մեղր վերցնելով, Տալղալա (նոր անունը                )  [...]  մեքենայով ճանապարհ ընկանք դեպի Անի։ Նստած ենք կաբինում։ Օրը հրաշալի էր, աշխարհի գեղեցիկ օրերից մեկը։
«Կոտրած վանքի» ( նաև «Կարմիր վանք») մոտով իջանք Անի կայարան։ Այդ ճանապարհով ես առաջին անգամ էի անցնում։ Հունձը լավ էր, բերքը անհամեմեատ առատ։
Անի կայարանում մեր թղթերը ստուգելով, տույլ տվեցին Անի գնալ, Խարկով գյուղը։
Փշալարերի մոտ մեզ կանգնեցրին։ Այդտեղից Սարգիսը նորից զանգ տվեց Անի կայարանի պետին, ստուգեցին և ապա սեմաֆորը բացին։ Ժամը] 3–ին հասանք այն բարձունքը, որտեղից երևում էր Անին։
Անիի ավերակներն իմ աչքի առաջ, առաջին անգամ իմ կյանքում, իսկ ցածում Խարկով գյուղն է։ Տեղի պետը սիրալիր ընդունեց մեզ և ասաց, որ կարող ենք դիտել Անին ամենամոտիկ կետից, ապա աշտարակից։ Խորհուրդ տվեց սկսել փեթակների մոտից։  Խոսրովից դեպի հարավ արևելք մեծաքանակ մեղվի փեթակներ էին շարված, որոնց մեղուները անարգել թռչում էին դեպի Անի ու վերադառնում։
Մեր առաջ ահավոր ցանց է, երկտակ, ամոթալի, սոսկալի։
Մեղվագործ ռազմիկ Պետրոսի Մուշեղյանը, երիտասարդ, հոկտեմբերյան[ցի] էր, հայրը մշեցի, մահացած։ Լուկաշինի անվան N 3
սովխոզից։ Փեթակները բերել էր Խարկով։ Իր օգնականն էր կարճահասակ, չաղլիկ, թխադեմ Մեհրաբյան Արմենակը (Միքայելի), ծնված 46 թվին և վերագաղթած նույն թվին Հայաստան։  Այնտեղ էր նաև 5–րդ դասարանի մի աշակերտ – Գագիկ Գևորգյան Վարազդատի։ Սրա հայրը [...] էր Խարկով գյուղի։
           
Ռազմիկը գնաց սահմանապահների մոտ, բերեց հեռադիտակ։ Բերեց նաև մի փարչ օղի։ Իսկ մեղրը կար։ Հեռադիտակով մի ամբողջ ժամ նայեցինք Անիի ավերակներին (3 ½ - 4 ½)։ Անբողջ Անին գրեթե մեր առաջն է։ Բայց շատ բան փոխված, ավերված, անհետացած։  Թուրքական կիսալուսինն է ծածանվում Հովվի եկեղեցու վրա՝ երկու տեղով։
            Անհուն վիշտ է մեր հոգում։ Խմեցինք վշտից։ Կերանք մեղր ու լավաշ։ Մարալիկի մեղրը ետ ուղարկեցինք։
Լենինը՝ մեղրից...
Ճեղքված ...Անի ...
Ծաղիկներ քաղեցի՝ անթառամ, որ տուն բերեմ։
Վերադարձանք և առանց աշտարակ բարձրանալու, մեկնեցինք Անի կայարան։ Կայարանի բուֆետում երիտասարդ տղաներ կան։ Մեկը նրանցից խմած է։ Ուզում է մեզ խմեցնել։ Ճանաչում էր Սարգիս Ասատրյանին։ Կարծեմ սովխոզից է։ Երեք շիշ կոնյակ, հավ, միս և այլն։ 6 հոգով խմում ենք և ուտում։ Էլի բերեք.
Ախ օրեր, օրեր,
Որտեղ եք կորել — ասում է Ժորան և նորից պատվիրում։
Սարգիսը և վարորդ Վարուժանը հարբեցին։ Ես ժամը 7–ին գնացքով մեկնեցի Երևան։ Լեփ–լեցուն էին վագոնները։ Զարմացա։ Վագոնավարն ասաց, որ այսօր օգոստոսի 18–ն է, Աստվածածնի տոնն է, բոլորը Էջմիածնից, Երևանից, Հոկտեմբերյանից ուխտի էին գնացել ՝ այժմ վերադառնում են։ Եվ իսկապես խումբ–խումբ նստած են կանայք, տղամարդիկ, երեխաներ (մանր երեխաներ):
Բայց ամենից մեծ ուխտավորը ես էի այդ օրը. Ես գնացել էի Անի. գնացել էի մեծ ուխտի։
Անիի ծաղիկները իմ գրպանում ժամը 10–ին հասա Երևան։

No comments:

Post a Comment