Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Showing posts with label Բանաստեղծություններ: Մեղա. Show all posts
Showing posts with label Բանաստեղծություններ: Մեղա. Show all posts

Wednesday, February 24, 2010

Բանաստեղծություններ

ՄԵՂԱ

Ես այն եմ, ինչպես եղա.
Սասունցի մի որբ տղա,
Արածիս համար կյանքում
Չասացի երբեք` մեղա:

Պաշտոնին, փառքին, գովքին
Անհաղորդ, հեռու եղա,
Չարածիս համար կյանքում
Չասացի երբեք` մեղա:

Իմ սրտի հևքն ու երգը
Իմ երկրի համար եղավ,
Չարեցի մի բան կյանքում,
Որ գոռամ` մեղա, մեղա:

Պալատի երգիչ չեղա,
Միշտ հողին մոտիկ եղա,
Սիրեցի միայն նրանց,
Ով բռնեց փոցխ ու եղան:

Բայց վերուստ տրված բախտիս
Տարաժամ շուտ ձյուն տեղաց,
Ես կանաչ հովտում կորած
Զեփյուռի նման եղա:

Չարենցի, Շիրազի հետ
Նստեցի քեֆի սեղան,
Ներեցի բոլոր նրանց
Ով իմ դեմ կործան եղավ:

Հին կյանքը փուշ ու սեզ էր,
Իմ ապրած օրը կես էր,
Ոչ պարտք մնաց, ոչ՝ մեղա,
Իմ ամպն ու շողքը էս էր:

Խինդս դուրս, ցավս ներս էր,
Երգածս սրտիս պես էր.
Փակված է ամեն հաշիվ,
Ինչ որ եղա` էս էր:

1970