ՀԱՄԵԼԻՆԻ ՆԱԽՇՈՒՆ ՍՐՆԳԱՀԱՐԸ
Մի անգամ հիվանդանում է անգլիացի նշանավոր բանաստեղծ Ռոբերտ Բրաունինգի (1812—1889) փոքրիկ աղջիկը։ Հայրը նրա հիվանդությունը թեթևացնելու համար գրում է «Համելինի Նախշուն սրնգահար» կոչվող այս հեքիաթը և կարդում է նրան։
Հեքիաթի հայերեն առաջին թարգմանությունը (կրճատումներով) լույս է տեսել 1941 թվականին Երևանում։
Այժմ լույս է տեսնում երկրորդ վերամշակված ամբողջական հրատարակությամբ։
Խ. Դաշտենց
Ստորև՝ թարգմանությունը ամբողջությամբ։
Ստորև՝ թարգմանությունը ամբողջությամբ։
ՀԱՄԵԼԻՆԻ ՆԱԽՇՈՒՆ ՍՐՆԳԱՀԱՐԸ
Անգլերենից թարգմանեց` Խ. Դաշտենց
Անգլերենից թարգմանեց` Խ. Դաշտենց
1
Հանովերի մոտ
Հին, hռչակավոր
Համելին ամրոցն է կանգնած մինչ էսօր:
Վեզերոս գետը խոր ու լայնահուն
Նրա պատերն է հարավից ծեծում,
Մի չքնաղ անկյուն,
Որ չես տեսել դու։
Դե, հիմա լսիր, ականջդ սրած,
Թե ինչպես մեզնից մոտ հինգ դար առաջ
Էս Համելինը դարձավ մկնարան,
Առնետներն ելան քաղաքը կերան։
2
Մո՜ւկ, առնետ բազում...
Շներին գզում,
Կատուներ խեղդում,
Մտնում օրորոց,
Կծում երեխոց,
Կճուճի միջից պանիր թռցնում,
Մեծ խոհարարի շերեփը լիզում,
Միսը փախցնում,
Կրծում տակառը աղաձկների,
Ոչ տոն են հարցնում և ոչ կիրակի,
Գլխարկների մեջ բներ են շինում,
Կանանց զրու֊յցը անվերջ խանգարում
Շըրխկոցներով,
Չըրխկոցներով,
Հազար ձայներով, անթիվ ձևերով:
3
Վերջապես մարդիկ միաբանվեցին,
Ելան բարկացած
Ու խմբեր կազմած
Գնացին իրենց Քաղաքապետին։
— Քաղաքապետը հիմար է,— ասին, —
Որ չի մտածում երբեք մեր մասին,
Իսկ մեր Կաճառը* անզոր ու անկամ,
Սարսափելի է մտածել անգամ,
Որ մուշտակներ ենք գնում անհամար
Այս հիմարների, կոճղերի համար,
Որոնք չգիտեն մի հնար գտնել,
Մեզ էս մկներից իսպառ ազատել։
Հե՜յ, դուք, հաստլիկնե՛ր, վերևում նստած
Փրկվե՞լ եք ուզում տաք մուշտակ հագած,
Չէ՞ որ մկները մեր հոգին առան,
Առնետներն էս խեղճ քաղաքը կերան։
Լսե՛ք, պարոններ, խելքի եկեք շուտ,
Հերի՛ք է մնաք այդքան գեր ու բութ,
Մի միջոց գտեք՝
Մկների ձեռքից մեզ ազատեցեք,
Թե չէ` մեզանից մենք ձեզ կազատենք։
Երբ պրծավ ճառը,
Պետն ու Կաճառը
Ւրար նայեցին,
Ահից դողացին։
4
Ու մի ժամ գլուխ գլխի տվեցին,
Ճակատ ու ծոծրակ անվերջ քորեցին,
Քաղաքապետը վերջապես ասաց.
— Ես մի գիլդերով* մուշտակս կտամ,
Գեթ սրանց ձեռքից մի քայլ հեռանամ։
Շատ հեշտ է գոռալ, թե մի միջոց տուր,
Եվ խեղճ գլուխս ցավում է շատ սուր,
Այնքան քորեցի և սակայն իզուր,
Ինչ է` թե գտնեմ գոնե մի ծուղակ:
Ասաց թե չասաց, գիտե՞ք ինչ եղավ:
Մեկը կամացուկ դուռը թխկացրեց.
— Փրկի՛ր մեզ աստված, — Պետն աղաղակեց,
Վախից կուչ գալով ինչպես ճարպագունդ,
— Ամա՜ն, մկներն են գալիս գունդ առ գունդ:
Եվ իր աչքերը ահից սոսկատես
Չռվեցին բացված խխունջների պես:
— Սու՜ս, արդե՜ն եկան,
Կպած են դռան,
Ու սաստիկ վախից
Ւր գույնը թռավ։
5
— Մտե՜ք, — գոչեց նա կանգնելով հպարտ,
Ներս մտավ իսկույն անսովոր մի մարդ,
Նա ոտքից գլուխ երկար, ահագին
Նախշուն վերարկու ուներ իր հագին։
Բարձրահասակ էր, բարակ ու անբեղ,
Ամեն մի աչքը սուր, կապույտ ու նեղ
Ինչպես գնդասեղ։
Մազերը արձակ, շուրթեր ժպտացող,
Դժվար էր ասել ինչ էր կամ թե ով,
Ւնչ ծագում ուներ, ինչ ազգ ու ինչ ծին,
Ամենքը նրան ապշած նայեցին։
6
Քաղաքապետին մոտեցավ արագ.
— Բարձրապատիվ տեր, այս արևի տակ
Ինչ արարած կա, որ գիտե սողալ,
Թռչել կամ վազել և կամ թե լողալ,
Գաղտնի հմայքով կարող եմ հանել
Ու իմ հետևից դյութելով տանել։
Եվ ես նրանց եմ հատուկ ման գալիս,
Որ մարդկանց անվերջ վնաս են տալիս,
Խլուրդին, մկան, առնետին, իժին,
Համարձակ նրանց ես դուրս եմ քաշում,
Սրնգահար են ինձ կոչում Նախշուն։
Եվ նրանք տեսան իր վզի բոլոր
Մի նախշուն փողնոց փաթաթված ոլոր,
Կարմիր ու դեղին շերտերով խորին,
Այնքա՜ն սազում էր իր նախշուն շորին։
Վզնոցի ծայրից իր այդ գեղեցիկ
Կախված ճոճվում էր մի սիրուն սրինգ,
Ւսկ ժիր մատները սրնգին հլու
Պատրաստ էին կարծես իսկույն փչելու։
— Անցյալ հունիսին
Ինչքան մժեղ կար
Թաթարիստանի մեծ խանի քյոշկում՝
Մաքրեցի իսպառ,
Հայդարաբադի իշխանի երկրում
Էլ չղջիկ չկա։
Թե ձեր քաղաքը մաքրեմ մկներից՝
Մեկ հազար գիլդեր կխոստանա՞ք ինձ:
— Հազարը քիչ է, դու մկները տար,
Քեզ կվճարենք մենք հիսուն հազար։
7
Սրնգահարը փողոց դուրս եկավ,
Ժպտաց նախ թաքուն,
Գիտեր, թե որքան երգ ու հմայք կար
Ւր լուռ սրնգում։
Շուրթը ծամծռեց,
Սրնգի վրա մատները դրեց,
Շողացին աչքերն իր կանաչ-կապույտ,
Ւնչպես մոմի բոց, ուր աղ են թափում։
Հազիվ մի երեք հնչյուն արձակեց,
Մի ամբողջ բանակ կարծես աղմկեց,
Եվ աղաղակը փոխվեց գոռոցի,
Գոռոցը փոխվեց հաղթ մռնչոցի,
Ու դուրս վազեցին
Անհամար մկներ.
Մեկը նիհար, մեկը գեր,
Մեկը ջահել, մեկը ծեր,
Ճերմակ ու սև, ու շեկլիկ,
Մեկը տատիկ կամ մորքուր,
Մեկը եղբայր, մեկը քույր,
Մի մուկը հայր, մեկը մայր,
Հորաքույր ու հորեղբայր։
Քեռի, խնամի, դրկից, բարեկամ՝
Ամենքն էլ նրա հետևից ընկան։
Փողոցից փողոց անցավ փչելով
Նրանք հետևից պարով, թռչելով,
Գնացին հասան Վեզերի ափին,
Գետի մեջ ընկան ու կործանվեցին։
Միայն մի գեր մուկ մահից ազատվեց,
Մկնաշխարհ գնաց ու այսպես պատմեց.
— Երբ ես սրնգի կանչը լսեցի,
Կարծես իմ կողքին խնձոր ճզմեցին,
Յուղաման բացին,
Կարագի, պանրի կճուճ փշրեցին։
Ու մի անուշ ձայն,
Կիթառի ձայնից ավելի անուշ,
Կոչեց անվարան.
— Ցնծա՛, մկնարան,
Աշխարհը դարձավ
Ընդարձակ մառան։
Ւնչ որ կա՝ տարեք,
Ծամեք, կուշտ կերեք։
Հանկարծ ամեն բան փոխվեց շաքարի,
Ու միջից ճեղքվեց հազար կտորի։
Եվ մի մեծ կտոր գլորվելով ցած
Արևի նման դեմս պըսպղաց.
Ու կարծես ասաց. «Շուտ եկ ինձ ծակիր»։
Երբ ու֊շքի եկա, վա՜յ իմ խեղճ հալիս,
Տեսա Վեզերը վրաս վազելիս։
8
Համելին քաղաքում մարդիկ ցնծացին,
Ուրախությունից զանգեր զարկեցին.
— Այժմ գնացեք, — Պետն ասաց նրանց,—
Մահակներ առեք ու սրբեք անդարձ
Բոլոր մկներն ու մկնածակերը,
Շինեք, նորոգեք բոլոր բակերը,
Որ էլ չմնա քաղաքում անգամ
Ոչ մի առնետի, ոչ մի հետք մկան:
Այդ խոսքի վրա շուկայում հանկարծ
Սրնգահարը մոտ գալով ասաց.
— Մկները չկան, բարձրապատիվ տեր,
Այժմ վճարեք ինձ հազար գիլդեր։
9
— Ւ՞նչ։ Հազար գիլդե՞ր։ — Պետը գունատվեց։
Նույն տխրությունը Կաճառին պատեց:
Եվ այդքան գանձը վճարել մեկի՞ն,
Որ գնչուի շոր ունի իր հագին։
— Բացի այդ, ասաց նա մտաճարպիկ,—
Մեր գործն ավարտվեց Վեզերի ափին։
Մենք տեսանք մկներն ինչպես խեղդվեցին,
Ւսկ ով մեռած է, ետ չի գա կրկին։
Բայց մենք, բարեկամ, վատ ժողովուրդ չենք,
Որ քեզ մի բաժակ խմիչք խնայենք,
Եվ մի քիչ էլ փող գրպանդ դնես,
Ւսկ գիլդերները, որ խոստացանք քեզ,
Այդ լոկ կատակ էր, ինչպես դու գիտես։
Մկների գործով պարտքի տակ ընկանք,
Բայց հիսուն գիլդեր մի կերպ քեզ կտանք։
10
Սրնգահարը գոչեց անհամբեր.
— Հազա՜ր ամոթ ձեզ, հաստլիկ պարոններ,
Ւնձ հարկավոր չէ և ոչ մի գիլդեր,
Ոչ էլ կարոտ եմ ես ձեր խմիչքին,
Հրավիրված եմ ես Բաղդադ` ճաշի,
Ուր պետք է ուտեմ կանաչ թանապուր,
Քանզի խալիֆի խոհանոցի մեջ
Չեմ թողել ոչ մի կարիճ ու կիտուռ։*
Շեֆ-խոhարարն է ինձ հրավիրել,
Թեկուզ քիչ էլ տա, չեմ սակարկի ես,
Բայց կասեմ որոշ,
Որ ձեզ չեմ զիջի և ոչ մի գրոշ։
11
— Ւնչպե՞ս,— սպառնաց Քաղաքապետը,—
Այս տղան խե՜նթ է,
Ապուշ ու անգետ,
Ւնձ համեմատեց խոհարարի հետ։
Եվ ի՞նձ անարգի նախշուն հագուստով,
Տխմար սրնգով մի ծույլ ավարա,
Դու, բարեկամս, գլուխս տարար,
Արա, ինչ կուզես,
Փչիր սրինգըդ մինչև որ ճաքես։
12
Նա մեկ անգամ էլ եղեգնյա փողով
Դուրս եկավ փողոց,
Շուրթերին դրեց,
Մատները շարեց
Ու սկսեց փչել:
Հազիվ էր երեք հնչյուն արձակել,
Այնքան քաղցրաձայն, որ կյանքում ոչ ոք
Դեռ չի նվագել,
Երբ լսվեց աղմուկ։
ԱնՀամար մանուկ
Ւրար հրելով թռչում են, կանչում,
Մաշիկ ու կոշիկ իրար են դիպչում,
Թաթիկներ ծափում,
Լեզվիկներ հնչում։
Ինչպես ճուտերն են հավաքվում կերի,
Երբ շաղ են տալիս բակի մեջ գարի,
Շուտ դուրս վազեցին աղջիկ ու տղա,
Շող աչիկներով,
Կարմիր թշերով,
Խարտյաշ մազերով,
Լույս ատամներով,
Սրնգահարի հետևից ընկան,
Գնացին չքնաղ նվագով տարված։
13
Պետն ու Կաճառը ահից դողացին,
Զարմանքից ասես կոճղի փոխվեցին,
Անկարող մի քայլ շարժվել կամ կոչել,
Թռչող, թռչկոտող մանկանց ետ կանչել։
Երբ երգով արբած
Սրնգահարը շուռ եկավ հանկարծ
Դեպի Լեռնուղին,
Ուր Վեզերը հին
Իր ալիքներն էր ուժգին օրորում
Եվ մանուկների ճամփի դեմ գոռում,
Քաղաքապետը կարծես քարացավ,
Իսկ մյուսների լեղին չորացավ։
Բայց նա հյուսիսից արևմուտք դարձավ
Ու սկսեց վերելք
Դեպի Կոպելբերգ։
Այդ բանը տեսան՝
Շատ ուրախացան Պետն ու Կաճառը։
— Չի կարող անցնել նա այդ մեծ սարը,
Հիմա նվագը կդադարեցնի
Եվ մանուկներին կվերադարձնի:
Բայց նա կանգ չառավ։
Երբ սարին հասավ,
Սարի մեջ բացվեց մի հրաշք դռնակ,
Դեմը մի քարայր գոյացավ արագ,
Սրնգահարը մտավ առջևից,
Ւսկ մանուկները նրա հետևից:
Ամենքն երբ մտան,
Հրաշք դռնակը պինդ փակվեց ներսից,
Միայն մի կաղլիկ ետ մնաց շարքից
Ու արտասվելով տուն վերադարձավ։
Տարիներ հետո, երբ այդ մանկանը
Նախատում էին տխրության համար,
Նա միշտ ասում էր միևնույն բանը.
— Տխուր մնացի,
Խաղընկերներս բոլոր գնացին։
Ափսո՜ս, չհասա ես այն դռնակին,
Ինչպե՞ս մոռանամ Սրնգահարին։
Նա տանում էր մեզ մի չքնաղ աշխարհ,
Ուր որ ջրերն են ուրախ քըչքըչում,
Պարտեզ ու պուրակ գույնզգույն ծաղկում,
Ուր կռանում են ծառերը մրգից,
Ճնճուղն է չքնաղ սինամահավքից,
Ուր շունն է արագ վազում եղնիկից,
Որտեղ ամեն ինչ թարմ է, անսովոր,
Ուր մեղուն չունի կնճիթ թունավոր,
Ուր ձին է ծնվում արծվի թևերով։
Ոտքս ցավում էր, ուզեցի կապել,
Շարքից ուշացա
Ու երբ տեղ հասա,
Նվագը լռեց, ես կանգ առա լուռ,
Ու դեմս տեսա պինդ փակված մի դուռ,
Եվ տխուր-տրտում
Վերադարձա տուն,
Որ միշտ կաղալով այսպես պըտըտեմ,
Չքնաղ աշխարհն այն երբե՜ք չտեսնեմ:
14
Ավա՜ղ Համելին,
Ինչ աղետ էր մեծ,
Ու լուր տարածվեց,
Թե ագահ մարդը լոկ մի պայմանով
Կարող է անցնել դրախտի դռնով,
Երբ ուղտը անցնի ասեղի ծակով։
Մարդ ուղարկեցին չորս կողմն աշխարհի,
Որ գտնեն նախշուն սրնգահարին,
Ոսկի խոստացան, արծաթ, մարգարիտ,
Միայն թե ետ գար իր կորած տեղից,
Եվ մանուկներին ետ բերեր նորից։
Սակայն երբ տեսան փնտրելն իզուր է,
Ոչ ոք չգիտե, թե նրանք ուր են,
Որ փողահարն ու մանուկներն արբած
Անցել են հավետ, չքացել անդարձ,
Հրաման տվին, որի համաձայն
Ւրավունք չուներ ոչ մի փաստաբան
Որևէ հոդված վավերագրել,
Եթե դրա տակ այսպես չգրեր.
«Այսքան տարի է անցել այն օրից,
Երբ այդ դեպքն եղավ,
Տասներեք հարյուր յոթ տասն և վեցի
Հուլիսի ուղիղ քսաներկուսին»։
Որպեսզի հավետ մնար անմոռաց
Այն ճանապարհը,
Որ ելան սարը,
Նրանք այդ վայրը
Նախշուն սրնգահարի փողոց կոչեցին,
Ուր արգելված է սրինգ նվագել,
Կամ զվարճանալ, պարել ու երգել։
Ոչ էլ այդ մռայլ, լռիկ փողոցում
Հյուրանոց կամ թե պանդոկ է գործում։
Բայց քարայրի մոտ նրա դիմացի
Այս զրույցը մի ժայռի գրեցին,
Մեծ ժամափեղկին այն նկարեցին,
Որպեսզի ամբողջ աշխարհն իմանա,
Թե ինչպես երգով գողացան մանկանց,
Ու այդ ժայռը կա
Դեռ մինչև հիմա:
Եվ չմոռանամ ասել ես նույնպես,
Տրանսիլվանիայում կա մի փոքրիկ ցեղ,
Օտար, անսովոր մարդիկ կան այնտեղ,
Որ ունեն վայրի կենցաղ ու հագուստ,
Տարբեր են մեզնից ներքուստ, արտաքուստ,
Նրանց պապերը շատ դարեր առաջ
Վեր են բարձրացել մի մթին այրից,
Ուր փակված էին նրանք այն օրից։
Համելինից են այնտեղ գնացել
Եվ այդ քարայրում փակված մնացել,
Թե ինչպես, ինչու՝ այդ չեն իմացել։
15
Եվ այսպես, Վիլիկ, եկ մենք վճարենք
Մարդկանց պարտքերը պարտատերերին,
Մարդկանց պարտքերը պարտատերերին,
Մասնավորապես՝ սրնգահարներին։
Երբ մեզ փրկում են մկներից նրանք,
Ւնչ խոստացել ենք՝ այն էլ պետք է տանք:
----------
* Գիտուն անձերի խումբ կամ խորհուրդ:
** Դրամի տեսակ:
*** Մորեխ
No comments:
Post a Comment