Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Wednesday, February 24, 2010

Պոեմներ

                ԱՍԵՂԱՊՈԵՄ

Սիրով եղբորս՝ Գրիգոր Տոնոյանին

                   ՆԱԽԵՐԳ

Ասեղն ի՞նչ է. դա շատ բարակ,
Չնչին բան է մի հասարակ,
Շատ բաներում, բայց թե հաճախ,
Ասեղն է միշտ լինում պատճառ։

Ա՜յ, օրինակ, պատմությունից,
Մի լեգենդ կա միջնադարից.
Իսպանական մի զորավար
Հագին ուներ մի ծակ շալվար։

Զորավարն այդ զորքով անթիվ
Իսկույն պետք է մեկներ կըռիվ։
Ու նա փնտրեց, է՜, ի՞նչ ասեմ,
Մի հասարա՜կ փոքրիկ ասեղ։

Իր ամրոցում շրջեց երկար,
Բայց ոչ մի տեղ ասեղ չկար։
Փորձեց վազել, փորձեց մնալ,
Ծակ տաբատով ի՞նչպես գնալ։

Եվ գիտե՞ք թե նա ինչ արեց.
Թագավորին այսպես գրեց.
«Կռվից առաջ, հարկ է ասել,
Մարդուն պետք է թել ու ասեղ»։

Երեկոյան մթնաժամին
Քաղաք մտավ հաղթ թշնամին,
Դուռը բացին զորավարի,
Նա նստած էր ծակ շալվարին։

Երբ զենքերի ձայնը շաչեց,
Քաջ ռազմիկը բացականչեց.
— Ձեր սրերը պատյան դրեք,
Ինձ մի փոքրիկ ասեղ տվեք։

Նրան տվին թել ու ասեղ,
Զորավարը դարձավ ասեց.
«Այն երկիրն է հաղթող ու լի,
Ով որ թել ու ասեղ ունի»։

Սակայն ինչու՞ այս վայրկյանին,
Հիշեցի այդ զորավարին։
Լեգենդ է դա գուցե չնչին,
Ինչի՞ս է պետք և ձեր ինչի՞ն։

Ու՞մ տաբատը չի ծակոտել,
Ո՞վ չի փնտրել ասեղ ու թել,
Շեքսպիրն էլ գուցե անքուն,
Շոր է կարել մի օր կյանքում։

Ասեղը մեզ պետք է նույնքան,
Որքան շալվարն է պետքական,
Նա ծնվել է հենց նույն օրը,
Երբ ծնվել է ինքը շորը։

Նախամարդն երբ հողը վարեց՝
Ասեղ շինեց ու շոր կարեց։
Ասեղը կա ու կլինի,
Երբ աշխարհում մենք չենք լինի։

       ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

                   1
Ավանը մի գյուղ է չնչին
Արագածի կանաչ լանջին:
Կար մի խանութ Երևանում,
Մի խանութ էլ կար Ավանում։

Անթիվ ասեղ շարքով դրված
Վրան է լ մի թուղթ կար գրված.
«Ասեղներ կան ամեն տեսակ,
Երկար, փայլուն, հաստ ու բարակ»:

— Հե՜յ, ժողովուրդ, ասեղ առեք,
Ձեր շորերը տարեք կարեք,
Բղավում էր Հովակ-Խանը,
Այդ գյուղի ժիր խանութպանը։

Ասեղներին հատնում չկար,
Գրեր՝ իսկույն վերից կգար։
Ասեղ կգար նախ Մոսկովից,
Հետո կանցներ Կասպից ծովից:

Թիֆլիս կըգար ու Երևան,
Երևանից կանցներ Ավան,
Ավանից էլ խրճիթ ու տուն՝
Ասեղային մե՜ծ խնդություն։

Կար են անում տանիքներին,
Կալերի մեջ դեզի ծերին,
Ձորերի մեջ, քարափներին,
Նստած կանաչ գետափերին:

Լվանում են, հագնում, հանում,
Կարկատում ու կար են անում,
Կար են անում կին թե ռազմիկ
Դուրս եկած մե՜ծ պատերազմից։

                             2
Բայց ո՞ր մարդն է այն հանճարեղ,
Որ վազելիս շոր է կարել։
Վազքի ժամին շոր չեն կարում,
Անհնար է դա աշխարհում:

Եվ Մոսկովում եղավ ժողով,
— Կկործանվենք մենք ասեղով,
Այն երկիրը գալիք չունի,
Ով լոկ ասեղ ու թել ունի։

Հարկավոր է մեզ գործարան,
Հալոցարան, սղոցարան,
Ասեղները պետք է ձուլենք,
Ռելս, տրակտոր, ավտո շինենք։

Ժամանակն ու ժամն է հասել՝
Ամբողջ թափով պետք է վազել։
Սար է մեր դեմ մի վիթխարի
Եվ մենք՝ վազքի ճանապարհին։

Ով վազելիս նստի քարին,
Ուշքն ու միտքը հանձնի կարին,
Ասեղ ուզի ճանապարհին,
Դավաճան է նա մեր դարին։

Իսկ երբ հասնենք մենք կատարին,
Ով ուզում է՝ թող շոր կարի։
Ու սկսվեց շռնդալից
Վերելքի մեծ դժվար տարին։

       ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

                    1
Խանը տեսավ հետզհետե
Պակասում է ասեղ ու թել:
Նամակ գրեց նա Երևան,
Ասացին— թե ասեղ չկա:

Թիֆլիս գրեց՝ պատասխան գա,
Ասացին թե`ասեղ չըկա:
Մոսկովից էլ նամակ եկավ,
Գրում են թե՝ ասեղ չկա:

— էս ի՞նչ եղան ասեղները,
Ո՞վ է հիմա երկրի տերը,
Գոչեց Խանը՝ խիստ վրդովված,
Իր խանութի պատին հենված։

                    2
Հովակ-Խանը հանգիստ չուներ,
Նա մի քրոջ տղա ուներ,
Քարտուղար էր լեռնամասում,
Գիշեր-ցերեկ ճառ էր ասում։

Կոչում էին Բլբուլ Գեղամ.
Ամառ լիներ թե ձյուն տեղար,
Նստած էր նա ձիու թամբին,
Գյուղի մեջ էր կամ թե ճամփին։

Մի օր Խանը մթնաժամին
Խանութ քաշեց մեր Գեղամին.
— Քրոջ տղա, գանգատ ունեմ,
Ինչու՞ ասեղ ու թել չունենք։

— Գործարան ենք շինում, քեռի,
Հերիք մնանք թելին գերի,
Հարկավոր է մեզ տրակտոր,
Շարքացաններ, ոելս ու ավտո...

— Ա՜խ, էդ լեզուդ, լեզու հո չի,
Չարխ է կարծես բերնիդ միջին.
Ի՞նչ տրակտոր, ի՞նչ ես խոսում,
Մենք ասեղ ու կոճ ենք ուզում։

Ժողովուրդը մեր սիրելի
Մնացել է առանց թելի։
Արորով էլ մենք կվարենք,
Բայց մեր շորը ինչո՞վ կարենք։

Ամբողջ գյուղում, աստված վկա,
Նույնիսկ մի հատ շամփուր չկա,
Որ միասին նստենք հացի,
Համը տեսնենք խորովածի։

Էսպիսի մեծ ու սուր կարիք
Դեռ չի եղել ոչ մի տարի։
— Չէ՛, աշխարհի վերջն է, Գեղամ,
Ւ՜նչ էինք ուզում, տե՛ս, ի՜նչ եղավ։

Ինչքան ասեղ կար խանութում,
Խանը սրբեց ու տարավ տուն.
Կեսը շարեց իր գլխարկում,
Կնոջ գրկում, քրոջ ծոցում։

«Նեղ օրերին մեզ պետք կգա».
Դուռը փակեց ու դուրս եկավ.
Պատը ծեծեց գյուղխորհրդի,
— Ասե՛ղ տվեք ժողովրդին։

                    3
Մի օր Խանը տուն դառնալիս
Տեսավ դեմից մարդ է գալիս.
— Բա՛րև, Գեղամ, էս որտեղի՞ց,
— Մեր հարևան Լանջիկ գյուղից։

Անիծված ձին թռիչք արեց,
Ճանապարհը փորձանք բերեց,
Ձիուց ընկա, շալվարս, տե՛ս,
Ոնց է ծակվել էն ամպի պես։

Ամաչում եմ գյուղը մտնել,
Օրն էլ կարգին դեո չի մթնել,
Մութով գոնե քայլեմ գնամ,
Որ հարսները չվախենան։

Ո՛ւր ուզում ես՝ գնա, արի,
Ինձ մի փոքրիկ ասեղ ճարի։
— Ասեղ չկա, գնաս բարով,
Շորդ կարիր տրակտորով։

Գեղամն հուզված, շնչակտուր
Սենյակ մտավ. — քո՛ւյր, ասեղ տուր։
—Ասեղ չկա, — ասաց Զանոն,—
Շորդ կարիր շարքացանով։

— Մա՛յր, ասեղ տուր,— դիմեց մորը։
— Ասեղ չկա, դիմիր հորըդ։
— Հա՛յր, ասեղ տուր։— Տո՛, շան որդի,
Ասե՞ղ թողիք ժողովրդին։

Շրջկենտրոնում ժողով եղավ,
Խոսքը քոնն է, ընկեր Գեղամ։
— է՜, ընկերներ, խոսքս լավ չի,
Մնացել ենք առանց կոճի։

Երկրորդ օրն է՝ այստեղ-այնտեղ
Ի՞նչ եմ փնտրում՝ թել ու ասեղ։
Դե, շալվար էր, ծակվեց, էլի,
Գերի՞ պետք է մնանք թելին։

Ինչի՞ս են պետք ռելս ու շչակ,
Երբ խանութում չկա կոճակ,
Ամեն շորին՝ մի մեծ փչակ,
Սրանի՞ց էլ դժվար վիճակ։

Ծայր է առել մի սուր բողոք,
Բողոքում է հայրս՝ Սողոն,
Բողոքում է դարբին Շարոն,
Բողոքում է դերձակ Կարոն։

Քեռուս մոտ էլ ասեղ չկար,
Էլ ի՜նչ կռիվ, էլ ի՜նչ պայքար.
Արորով էլ մենք կվարենք,
Բայց մեր շորը ինչո՞վ կարենք:

Պարզ է, Գեղա՛մ, պարզ է, նստի՛ր.
Սրա հարցը դրին նիստին։
— Ո՞վ է քեռիդ, ո՞վ է Շարոն,
Ո՞վ է գյուղի դերձակ Կարոն։

Թափ տվեցին քեռու քուրքը,
Նրա գլխարկն ու սնդուկը,
Հին վերմակն ու օրորոցը,
Կնոջ գիրկն ու քրոջ ծոցը։

Ասեղ էր, որ թափվում էր ցած,
Բոլորը հի՜ն ու ժանգոտած.
—Դե՛, ի՞նչ կասես, ընկեր Գեղամ,
Էսքան ասեղ հերիք չեղա՞վ։

Քարտուղար ես, չհասկացար,
Ինչ տվեցին՝ էն էլ հագար։
Չդիմացար մեր պայքարին,
Քեզ թշնամին զարկեց քարին։

         ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

                    1
Անցան օրեր, անցան տարիք,
Եկավ մի վառ պայծառ գալիք։
Մի առավոտ դղրդոցով,
Մի բան անցավ գյուղ-փողոցով։

Տրակտորն էր Երևանից,
Ամրողջ գյուղը թափվեց տանիք։
Նա ծուխ տվեց, վեր բարձրացավ,
Հովակ-Խանի դռնով անցավ։

Մթագնեցին աչքերն իր ծեր,
Մի անգամ էլ նա նայեց վեր,
Օրորվելով գետնին ընկավ
Ու տեղն ու տեղ իսկույն հանգավ։

                     2
Նույն Ավանում կա մի խանութ,
Մոսկովում էլ կար են անում։
Մի խանութ էլ կա Մոսկովում,
Մի խանութ էլ՝ Երևանում։

Որքան կուզես ասեղ գնիր,
Ասեղի մեջ կուզես քնիր,
Վազքով հասանք մենք կատարին,
Ով ուզում է թող շոր կարի:

Տրակտորով արտեր վարի,
Ով ուզում է՝ երգի, պարի։
Կյանքը դարձավ որքան պայծառ,
Ունենք անգամ մենք տոնածառ։

Դարձանք հարուստ ու ունևոր,
Կյա՜նք, հիասքանչ և փառավոր,
Ես քո գովքն եմ երգում, լսի՛ր,
Կոմունիզմի արշալույսին։

Խոսք եմ ասում թեքված ուսիդ,
Իմ մեծ հույսը խառնած հույսիդ.
Եղա ես էլ մի օր երեր,
Եվ ուզում եմ, որ ինձ ներես։

Նման այն հին զորավարին,
Լեգենդական ու վիթխարի,
Իմ հագին էլ կար մի շալվար
Եվ նա կարիք ուներ կարի։

Ու ես կռվից, երթից առաջ,
Ծակ տաբատն այդ թևիս առած,
Ձայն տվեցի լույսին, մութին,
— Ասեղ տվեք ժողովրդին։

Բայց նա եկավ՝ նոր կյանքր մեծ,
Եկավ փառքով հաղթանակեց,
Տրակտորին նստած եկավ,
Եկավ խրոխտ, հաստատաքայլ։

Մեր հին երկիրն ասեղանոց
Փոխվեց դարձավ հզոր ամրոց:
Փա՛ռք աշխարհին, փա՛ռք քեզ, գալիք.
Փա՛ռք քեզ, պայծառ մեր հայրենիք։

                  ՎԵՐՋԵՐԳ

Ասեղն ի՞նչ է. դա շատ բարակ,
Չնչին բան է մի հասարակ.
Շատ բաներում, բայց թե հաճախ,
Ասեղն է միշտ լինում պատճառ։

1936, 5 հունվարի
Մոսկվա

No comments:

Post a Comment