Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Sunday, May 2, 2010

Բանաստեղծություններ

          ԼԵՌՆԱՅԻՆ ԳՅՈԻՂԻ ԵՐԵԿՈՆ

                     — Ղարիբ ուլ վի՞ր տուն կա, ղարիբ ու՜լ...

Լեռներում իջնում է երեկոն:
Ծառերի ստվերներն երկարում
Կալերից ելնում են տանիքներ,
Լցվում են ձորերը, օրորվում։

Այստեղ մի գետակ է փրփրում,
Իսկ այնտեղ կարկաչում է մի ուղխ,
Լեռն ի վար նախիրն է բառաչում։
Արածում ու իջնում դեպի գյուղ։

Ու դանդաղ, գերանդիքն ուսերին,
Սարերի հովընկա կողերով
Հնձվորներն են գալիս դաշտերից
Արծաթված վերջին շողերով։

Կոլխոզի ջրաղացպանն է հոգնած
Կիսամութ արտերով տուն դառնում,
Լեռնային կեռումեռ կածանով
Փոստատարն է ձիով բարձրանում։

Գյուղի հոտն է ծաղկած արոտից
Խմբերով տարածվում բակից բակ,
Մութի մեջ գառներն են թռչկոտում,
Ուլերն են փայլփլում հանց լուսնյակ։

Ա՜խ, որքան ծանոթ են կանչերը
Ու չկա մի շշուկ անիրավ,
Տաք թոնրից հարիսան է հանում
Իմ տատը՝ ահագին մի պառավ։

Լայն բակում միասին բոլորած
Ընթրում է մի ռանչպար ընտանիք,
Ու հանկա՜րծ, գոմից դուրս փախչելով,
Մի ուլ է մագլցում մեր տանիք։

Քիչ հետո լռում է ամեն ձայն,
Բայց ահա, անցնելով դռնե դուռ,
Գառնարածն է կանչում մութի մեջ.
— Ղարիբ ուլ վի՞ր տուն կա, ղարիբ ու՜լ…

Նայում եմ ես արբած այդ կանչով,
Պատի տակ իմ պապն է ննջում ծեր.
Նայու՜մ եմ… քարափի ետևից
Լուսնյակն է բարձրանում դեպի վեր։
1945

No comments:

Post a Comment