Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Thursday, March 25, 2010

Բանաստեղծություններ

1929–1932 թթ. Խաչիկ Դաշտենցը ուսանել է Երևանի պետական համալսարանում։ Նրա թղթերի մեջ պահպանվել էր մի ձեռագիր բանաստեղծություն "ԻՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ"։ Սա բանաստեղծի ակնածանքի և երախտիքի խոսքն է այն վաստակաշատ դասախոսներին, որոնց բախտավորություն է ունեցել աշակերտելու, ինչպես նաև համալսարանի կենսագրության մի գեղեցիկ էջ, ուսանողական կյանքի հոգևոր մթնոլորտի մի սրտառուչ պատկեր։ Բանաստեղծությունը տպագրվել է "Երևանի համալսարան" ամսագրում, N3, 1981, համալսարանի 60–ամյա հոբելյանի առիթով։
                                  Անահիտ Դաշտենց
 ԻՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ

Աբեղյանն էր, Մանուկ, լսարան մտնում լուռ
Քուռկիկ Ջալալու սանձից բռնած,
Եվ Լեոն էր գալիս` մի անամոք մրմուռ
Իր նոր խոհերի պարսին խառնած:

Ղափանցյանն էր, Գրիգոր, մեզ գրաբար կարդում`
Գիրն Եղիշեի լուսաբարբառ,
Աճառյանն էր, Հրաչյա, համալսարան մտնում
Որպես շարժական լեզվի տաճար:

Տերտերյանն էր, Արսեն, որ ամեն օր անդուլ
Քաղաքն էր շրջում հոգեխռով,
Մանանդյանն էր, Հակոբ, մեր գունդն առաջնորդում
Տիգրանակերտից մինչև Հռոմ:

Օ՜, Խանզադյան, Ցոլակ, ցոլա իմ հուշերում,
Հայ կաճառում վառված մոլեգին լույս,
Քեզ եմ հիշում, Սիմոն, բազմակարծիք ծերուկ,
Միջամուխ, դժբախտ մեր Պոլոնիուս:

Ասատուրն էր, Գևորգ, իր շուրթերով դալուկ
Շշնջում Խայամ ու Ֆիրդուսի,
Արարատովն էր մեզ զորաշարժի տանում՝
Կարսի հրացանը կապած ուսին:

Օ՜, Թոթովենց Վահան, առյուծաբաշ դու խալդ,
Թավ ծիծաղիդ բոցով սիրտս վառած,
Եկուր խոնարհ ծնկեմ որպես Օսկար Ուայլդ,
Վեհ բագին դարձած ոգուդ առաջ:

Եվ Գյուլին էր գալիս՝ մի զուսպ ժպիտ դեմքին,
Հեգելական քայլով ծանրաբարո,
Շավարշյանն էր իջնում մի վառ լապտեր ձեռքին՝
Իգդիրի խաժակ ճանապարհով...

Ինձ սեղմել են պատին իմ հուշերը ծալ-ծալ.
Օ՜, Վռամ Կոստան և Կարո-Մելիք,
Եվ Գուրգեն Էդիլյան – դուք՝ ածանցյալ անցյալ,
Դուք՝ հավերժում կորած աստղածաղիկ:

Եվ Դրաստամատն է վեհ` քաջայրը փարպեցի,
Հուշերիս մեջ հպարտ վեր բարձրանում.
Ես ո՞ր մեկիդ հիշեմ այս հուզմունքիս պահին,
Ո՜վ դասախոսներ իմ քաղցրանուն:

Եվ, ասում են, Ստեփան Մալխասյանն էր գալիս,
Բայց չեմ տեսել ես քեզ, այր վեհաշուք:
Համալսարանի դեմ ծեր բարդիներ կային
Ու մի վարար աղբյուր` լավ եմ հիշում...

Եվ Անժուրի պոռթկուն ծիծաղն է հնչում կեզ,
Հարակից մի լսարանի դռնից,
Այս հուշերգը գրեց Խաչիկ Դաշտենցը` ես,
Պատմագրական բաժնից...

1947-1965

No comments:

Post a Comment