Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Wednesday, February 24, 2010

Բանաստեղծություններ

ԱՐԲԵՑՈՒՄ
Այդ աչքերով խորունկ ու ալեկոծ,
Այդ հայացքով վսեմ ու դյութական,
Այդ մազերով ծփուն ու անհատնում,
Օ դու աշխա՜րհ, աշխա՜րհ կախարդական: ...
Օ, դու արո՜տ, լցված բարիքներով,
Օ, տափաստա՜ն, բեղուն դու արոտից,
Դողդողում եմ կանգնած ես քո դիմաց
Հիացմունքից, սիրուց ու կարոտից:

Որքան խոտ կա այստեղ, օ՜, որքան խոտ,
Որքան ծաղիկ վայրի, որքան կանաչ,
Որքան կակաչ կարմիր, որքան բույսեր,
Ինձ անծանոթ, անհայտ ու անճանաչ...

Ես դեռ որքան, որքան պիտի ուսեմ,
Ծաղկից ծաղիկ գնամ մանկան նման,
Ու թփից թուփ անցնեմ բազկատարած,
Հիացմունքից դողամ, ուրախանամ...

Մինչ ճանաչեմ ես քեզ, մինչ չմնա
Ինձ անծանոթ մի թուփ, խոտ մահացու.
Ես քո գիրկն եմ նետվում, օ՜ տափաստան,
Ով շողշողո՜ւն, արձակ տարածություն:

Կգա՜մ. թեկուզ հենց նույն մանկան նման
Քո խորքերից գուցե տուն չդառնամ,
Խոր խճճվեմ վայրի քո թփերում,
Քո շողշողուն գրկում անհետանամ...

Վրնջում է ամե՛ն, ամե՛ն մի ձի
Տափաստանին հեռվից մոտենալիս.
Իսկ ես երգ եմ երգում, շռայլ արոտ,
Ես երգով եմ գալիս...
 
    Խաչիկ Դաշտենց
1936

No comments:

Post a Comment