Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Wednesday, February 24, 2010

Բանաստեղծություններ




 ԻՄ ՌՈՒԲԱՅԱԹԸ
Մանկությունդ չանցավ լույս թևերի տակ տատրակի,
Ոչ էլ անցավ մարմարյա ավազանի եզերքին,
Աչքդ բացիր՝ քո գլխին սավառնում էր մի սև ցին,
Օրորոցդ ճոճում էր մի անծանո՜թ, անհայտ կին։
                               ***
Ընկար մենակ մանկատան ցանկապատին ու լացիր,
Վեր նայեցիր ամպերին, արցունքիդ մեջ քնեցիր,
Կոպերիդ տակ լուսաշող ամպերն եկան գնացին,
 — Ինձ դու՛րս տարեք այս բանտից,  ամպե՜ր, ամպե՜ր,– ասացիր:
                               ***
Երբ կփակեք առհավետ որբանոցը մեր վերջին,
Բերեք դրա փականքը և բանալին առաջին,
Ու ինձ հանձնեք այն զանգը, որ մեզ համար հնչեցրին
Եվ մեզ  գունատ շարքերով մանկատներ կանչեցին:
                               ***
Ամեն մեկը՝ ով եկավ, մի խոսք ասաց, հեռացավ,
Ամեն մեկը քո հոգում թողեց մի վիշտ ու մի ցավ,
Ամեն մեկը իր հանգույն քեզ ըմբռնեց, հասկացավ,
Մեկը սիրեց ու ներեց, մյուսն ատեց ու անցավ։
                               ***
Թեկուզ եղար դու տրտում, շատերը քեզ մոռացան,
Ով մոտիկ էր՝ հեռացավ, ով հեռու էր՝ չքացավ,
Բայց մնացիր դու անպարտ, զրպարտանքից խլացած,
Քո երգերում՝ վեհություն, քո սրտի մեջ՝ ծիածան։
                               ***
Տարօրինակ սիրտ ունես, զարմանալի բնություն,
Կարծես պանդուխտ լինես դու հայրենիքում քո խնդուն,
Աղմուկները երբ լռեն, ու երբ իջնի իրիկուն,
Քո ձեռքիցը բռնելով քեզ կտանեն մի օր տուն։
                               ***
Երգիդ հանդեպ չլինես դու աշխարհում դավաճան,
Բնությունը չի սիրում ունայնամիտ խրախճան,
Ով իր ձայնով չի երգում, նա դառնորեն կզղջա,
Այն ամենը ինչ կեղծ է, շուտ վերջ ունի ու վախճան։
                               ***
Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,
Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ  չի տանում:
                               ***
Տարիներդ են ոսկեղեն սուզվում լուսե շամբերում,
Եվ ամեն օրն անցնելիս ոչինչ էլ ետ չի բերում,
Կռունկներն են երգելով այդպես  կորչում ամպերում,
Ալիքներն են ծխի պես ցնդում ծովի ափերում:
                               ***
Սիրո շքեղ  անուրջներ աչքերիդ մեշ փայլեցին,
Կրակ դարձան կրծքիդ տակ, սրտիդ խորքում մարեցին,
Ախ, ու՞ր թռավ ոսկե ձին կրծքիդ հևքը իր սանձին,
Քո լուսեղեն, հրածին երազները գնացին:
                               ***
Սիրի՜ր, սիրի՜ր, դեռ սիրուց չի հագեցել ոչ մի մարդ,
Առանց սիրո չի բացվել վարդարանում ոչ մի վարդ,
Բայց, իմացիր, ո՜վ սիրող, սիրո վիշտը դառն է շատ,
Նրա ցավը մի դար Է, իսկ բուրմունքը՝ ակնթարթ։
                               ***
Ձեռնարկ դարձար դու սիրո, դարձար սիրո երգարան,
Երազներիս ոսկյա գիրք, ցնորքներիս բառարան,
Չար հողմերը, ցրտերը, քամիները քեզ տարան,
Մնաս բարով, հին սիրուս արևելք ու այգարան:
                               ***
Մեկ անգամ էլ խենթի պես վազեի քո ետևից,
Մեկ անգամ էլ սիրեի առաջվա պես ես նորից,
Քամին տաներ մազերս, ու չբռնած քո թևից,
Մեկ անգամ էլ զգայի, որ թեթև եմ ես հովից։
                               ***
Ա՜խ, հիացիր, քո հանդեպ շռայլ երկիրն է բացված,
Ու քո հոգին բնության հրաշքներով կախարդված,
Քեզ է ժպտում լեռնային այս կակաչը լվացված,
Տե ՛ս, ի՜նչ շքեղ գարուն է՝ մի վարդն արժե մի աստված:
                               ***
Սուլթանն ասաց, ո՜վ Ֆաթիմ, մեռնելիս եմ քեզ կանչում,
Ի՞նչ կարող ես ցույց տալ ինձ գոնե վերջին իմ շնչում.
Ֆաթիմն իսկույն իր բռից արձակեց մի հուր թռչուն,
Ավա՜ղ,  սուլթան, մեր ձեռքից կյանքը էսպես է թռչում:
                               ***
Իմաստուն ես, բնությու՛ն, իմաստուն ու կաթոգին,
Երբ մի սիրով տանջում ես սիրատոչոր մեր հոգին,
Մյուս սիրով գոնե դու ամոքում ես վիշտը մեր,
Որ մեր կուրծքը չպայթի լոկ մի սիրո մորմոքից։
                               ***
Սրնգահար, ի՞նչ ես զուր թախծում քարին այդ անգին,
Ոչ մի անցորդ չի դարձել Մեռյալների քաղաքից,
Սրինգդ առ բարձրացիր,— գլուխդ քեզ հավաքիր,—
Մտիր կյանքը և հուզված կյանքի հիմնը  նվագիր։
                               ***
Երգի՛ր, և թող քո երգը միշտ նոր երգեր բորբոքի,
Ու ճակատիդ՝ աշխարհում մութ ու ամոթ չչոքի,
Բնությունը տվել է քեզ հրաշեկ մի հոգի,
Թափ է տվել ու թռիչք և կսկիծը մորմոքի։

1936—1938
 


No comments:

Post a Comment