Չը որոտաս դու երբեք, ինչպես շատերն են անում,
Չը երազես աշխարհում ոչ հիշատակ, ոչ անուն,

Դու անշշուկ ընթացիր, ինչպես հովն է ընթանում,
Հովի բերածը հաճախ փոթորիկն էլ չի տանում:

Խաչիկ Դաշտենց

Wednesday, February 24, 2010

Բանաստեղծություններ



ԻՄ ՎԱՅՐԵՆԻ ՎԱՐԴԵՆԻ

Ամեն գարնան ծաղկում ես, կարմրում ես, վարդենի,
Վարդերի մեջ վառվում ես, իմ վայրենի վարդենի։
Շուրջդ եղինջ է բուսնում և բաղեղներ լայնաթուփ,
Շուրջդ խոտեր են հյուսվում, իմ վայրենի վարդենի։



Այս ձորի մեջ մենավոր դու ոստ էիր լուսավոր,
Քամին սերմեց քեզ մի օր բաղեղների մեջ վայրի,
Այժմ արդեն մեծացել, կռացել ես վարդերից,
Ժայռի վրա ես կախվել, իմ վայրենի վարդենի։

Շիթեր ընկան այտերիս, երկաթուղին է գալիս,
Բախտիդ համար է լալիս վարդըդ սիրող իմ հոգին,
Պիտի իջնի ծուխը սև, նստի սիրուն թերթերիդ,
Նստի կարմիր վարդերիդ, իմ վայրենի վարդենի։

Ռումբերը պիտ շառաչեն, արծիվները կռանչեն,
Կըրիաները կըփախչեն կանաչներդ ծալելով,
Նապաստակը լույս ու հով խոտերըդ քեզ զարկելով
Պիտի ծխից խեղդվի, իմ վայրենի վարդենի ։

Ուշ է արդեն, ու գիտեմ էլ չեմ կանգնի ես քո դեմ,
Մեկ անգամ էլ թող դիտեմ քեզ քո փառքում վայրենի,
Փարվեմ քնքուշ վարդերիդ ու խոտերիդ ալեծուփ,
Իմ գեղեցիկ վարդի թուփ, իմ վայրենի վարդենի։
1931

ԼԵՌԱՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ

— Ես ձեզանից լեռան ծաղիկներ եմ ուզում,-
Մայրը ասաց մի օր երկու որդիներին:
Եվ մանուկներն իսկույն մագլցեցին սարեր,
Որ իրենց մոր ուզած ծաղիկները բերեն։

Մեծը լեռան կողից շորթեց մի բուռ կակաչ,
Քարուտներում բացված անթիվ լվածաղիկ,
Փոքրը ստորոտից դիմեց դեպի գագաթ,
Որ ամենից սիրուն ծաղիկները քաղի։

Այդպիս ամեն ծեգին երկու եղբայրն ուրախ
Բարձրանում էին սարը, որ նոր փնջեր բերեն,
Մեծը կանգ էր առնում ցածրիկ բլուրներին,
Փոքրը համառորեն միշտ ձգտում էր վերև։

Ծերպից ծերպ էր անցնում այդ անհանգիստ տղան,
Որոնելով անվերջ նոր ծաղիկներ լեռան,
Մի անծանոթ տուղտի կամ շուշանի համար
Կռանում էր ահեղ անդունդների վրա։

Մեծը գյուղ էր գալիս միշտ կեսօրից առաջ,
Մի ահագին փնջով, աղաղակով, կանչով,
Փոքրը տուն էր դառնում ուշ գիշերվա ժամին,
Լուռ անցնելով քնած խրճիթների մոտով։

Մեծը վերադարձին մի ցից սարի նստած
Դասավորում էր նույն ծաղիկները չնչին,
Ժողովում էր փոքրիկ ընկած շուշանները
Եվ խառնում էր նրանց իր ահագին փնջին։

Մեծ եղբայրը մեռավ թոնրի շրթին պառկած
Կակաչներով ներկած ամբողջ դուռ ու տանիք,
Եվ թաղեցին նրան գյուղապետի կողքին,
Զանգակատան առաջ, հանգիստ ու երջանիկ։

Փոքրի դիակը սարի հովիվները գտան
Եվ ուսերին դրած գյուղը բերին լռիկ,
Նա իր ձեռքում բռնած ուներ մի նոր ու թարմ,
Մի լեռնային չքնաղ ու անծանոթ ծաղիկ։

Եվ ոտքերին ձյուն կար անապական լեռան,
Եվ արյուն կար սառած կրունկների վրա,
Եվ շուրթերին ժպիտ, կարծես ասում էր նա.
«Մայր իմ, քեզ սիրեցի և քեզ համար մեռա»։

Բանաստեղծը նա է, ով մեծ եղբոր նման
Չի հավաքում ընկած շուշանները ճամփի,
Եվ չի դասավորում միշտ նույն ծաղիկները
Միշտ միևնույն փնջում, որ իր մորը խաբի։

Բանաստեղծը նա է, որ փոքր եղբոր նման
Միշտ գալիս է մութին և գնում է շաղին,
Եվ ընկնում է դաժան ձյուների մեջ լեռան,
Իր ձեռքի մեջ բռնած մի հազվագյուտ ծաղիկ։
1940

ԼԵՅԶԻ

Խաղ ես անում արտում, հավաքում ես կռութ
Ու խանձում ես հասկեր,
Դաշտի հովն է կապույտ գլխաշորիդ ֆըռում,
Լեյզի՜, ծիծաղ ու սեր։

Ծերացել է հայրըդ ու մաշվել է ինչպես
Քամահարված մի դաշտ,
Նրա ճակտի վրա ակոսներն են կյանքի
Առու–առու քաշված։

Ճռնչում է սայլը արտամիջով խաղաղ,
Լափուկներր քերծում,
Կանաչ բարդիներն են ձեր կալի մեջ ուրախ
Ցորնի դեզը ծեծում։

Եվ լուսինն է կախված որպես հսկա լամպար
Մեծ քարափի եզրին,
Ու իր լույսն է թափում ձեր շինական արդար
Տանիքին ու դեզին։

Հունձ է անում հայրդ, դու կապում ես կռութ
Ու խանձում ես հասկեր,
Դաշտի հովն է կապույտ երեսքողիդ ֆըռում,
Լեյզի՜, ծիծաղ ու սեր։
1928

ՀԱՐԵՎԱՆԻՍ ԱՂՋԿԱ ՀԵՏ
(Նմանություն)

Հարևանիս աղջկա հետ խաղում էի փայտե ձի,
Փայտե ձիուց երբ ցած իջա, պահմտոցիկ խաղացի։
Ամեն անգամ պահ մտնելիս գտնում էինք մենք իրար,
եվ գտնելիս, նորից-նորից կանչում էինք՝ «պահ մտա՞ր»:

Բայց մի օր էլ, ավա՜ղ, մի օր, մենք այնքան պինդ պահ մտանք,
Որ փնտրեցինք, բայց էլ իրար երբե՜ք, երբե՜ք չգտանք…

ՓՈԻՉ ԸՆԿՈՒՅԶԸ

Հայրս մի օր բախտն իր փորձեց
Ընկուզենու շվաքում,
— Պահիր, որդիս, մի չոր ընկույզ,
Տեսնենք ի՞նչ կա աշխարհքում։

Ես բռնեցի, իսկ նա կոտրեց,
Ընկույզը փուչ դուրս եկավ,
Փոճոկները նետեց մի կողմ
Եվ մտքերի մեջ ընկավ։

Գաղթի ճամփին հայրս մեռավ,
Թաղվեց Մուշի մշուշում,
Նրա բախտը միշտ հիշելիս,
Էն փուչ ընկույզն եմ հիշում։
1945

ՄԵՐ ԱԿՍԵԼԸ

Մթնաձորի կեռմաններով,
Սելը բարձած շուշաններով
Տուն էր գալիս մեր Ակսելը.
Օ՜, որքան դժվար էր ելը:

Ձորում նրան կերավ գելը,
Ճամփին մնած նրա սելը,
Չհասնելով մինչև Գորիս
Մնաց մի կանչ՝ «Կյորի՜ս, Կյորի՜ս... »

Հավերժություն մեր Ակսելին,
Անտառից դուրս ճամփի եզրին
Մենակ կանգնած նրա սելին:

Բարձած լեռան շուշաններով,
Մանուշակով, ալպյան խոտով,
Մթնաձորի անուշ հոտով:
1958
 
ԶԱՆԳՎԻ ԿԱՄՈՒՐՋԸ

Ջուրը գնում է, կամուրջն է մնում,
Փա՜ռք գետի վրա կամուրջ կապողին,
Ճանապարհից լավ ի՛նչ կա աշխարհում,
Հազար-հազա՜ր փառք ճամփա շինողին։

Հրճվում է հոգին լավ խոսք լսելիս,
Լավ խոսքդ խառնիր դու Զանգու գետին,
Փա՜ռք նրան, ով որ ճամփով անցնելիս
Հիշում է նրան շինած վարպետին։

Կամուրջի տակով թող հոսի Զանգուն,
Փա՜ռք այս կամուրջով գնացողներին,
Ճամփորդը գնում, ճամփան է մնում,
Փա՜ռք մեր աշխարհի ճանապարհներին։

Երգն էլ հյուսվում է ճանապարհի հետ
Եվ նրա հետ էլ մնում է կանգուն,
Լավ երգն ու ճամփան ապրում են հավետ,
Փա՜ռք նրան, ով նոր ճամփան է երգում։
1945

No comments:

Post a Comment